ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ժամանակի մոռացության քողից անդին

Ժամանակի մոռացության քողից անդին
08.02.2013 | 13:00

Երանելի են այն ազգերը, որոնք իրենց մեծերին գնահատում են նրանց կենդանության օրոք և նրանց կյանքն ու գործը հետագա սերունդների համար դարձնում են ուսանելի և հարգանքի ու ակնածանքի առարկա։

Մեր ժողովուրդը բազում մեծանուն զավակներ է ունեցել, որոնցից շատերին գնահատել ու մեծարել է։ Բայց կան անուններ, որ ժամանակի մոռացության քողի տակ են մնացել, մինչդեռ արժե, որ գալիք սերունդները ճանաչեն նրանց, հաղորդակցվեն նրանց մեծագործություններին, սովորեն նրանցից և իրենց խոնարհումը բերեն նրանց գործին ու հիշատակին։ Այդ մարդկանցից մեկը Կարապետ Եզեյանցն է` Կարինի Սանասարյան երկրորդական վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանի խորհրդականն ու կտակակատարը։
Զարմանալի ուժ և անբացատրելի ձգողություն ունի հայի ժառանգական հիշողությունը։ Հայրենի հողից հեռու` օտար երկրում ծնված, օտար միջավայրում մեծացած, հաճախ օտար կրթություն ստացած հայն իր արյան ամեն մի բջիջով կապված է լինում իր ժողովրդի պատմությանն ու հոգևոր աշխարհին, հողի անբացատրելի ձգողությանը և իր ողջ կենսագրությունը գրում է ազգանվեր գործեր կատարելով։ Կարապետ Եզեյանցն այդպիսի հայ էր։ Նա ծնվել էր Մոսկվայում 1835-ին` միջին կարողության տեր Հարություն Եզեյանցի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի հայկական Լազարյան ճեմարանը և աշխատել ներքին գործերի նախարարությունում` զբաղեցնելով համեստ մի պաշտոն։ Պրպտուն միտքը և մասնագիտության մեջ հմտանալու ձգտումը նրան դրդում են մասնակցելու Սանկտ Պետերբուրգի համալսարանի քննություններին, որոնք նա հանձնում է փայլուն և ստանում արևելյան լեզուների մագիստրոսի` ակադեմիականի տիտղոս։ Գիտական այս տիտղոսը նրան հնարավորություն է տալիս աշխատելու կրթության նախարարությունում։ Երկարատև աշխատանքի սանդուղքները նրան բարձրացնում են մինչև փոխտնօրենի պաշտոնին։ Նա դառնում է Գերագույն ժողովի անդամ, որտեղ պաշտոնավարում է մինչև իր կյանքի ավարտը։ Պետական բարդ պաշտոններում Կարապետ Եզեյանցը դրսևորել է մասնագիտական մեծ հմտություններ և ձեռնահասություն։ Մարդկային լավագույն հատկանիշներն ինքնին չէին կարող պաշտոնեական ճանապարհ բացել ոչ ռուս պաշտոնյայի համար, եթե դրանց չմիանային նրա օրինակելի վարքն ու բարոյական բարձր կերպարը։ Աշխատանքային հիսնամյա անբասիր վաստակի համար Ռուսիո ցարը նրան արժանացնում է ամենաբարձր` իսկական պետական գաղտնի խորհրդականի տիտղոսին։
Ռուսական միջավայրում ապրող հայ բարձրաստիճան պաշտոնյան երբեք չի մեծամտել և իր հոգատար, նվիրված բնավորությամբ վայելել է և՛ հայրենակիցների, և՛ ռուս պաշտոնակիցների հարգանքն ու ակնածանքը։ Եզեյանցն առանձնահատուկ հոգածություն է ունեցել հայոց եկեղեցու հանդեպ, իսկ հայ ուսանողների նկատմամբ նրա հայրական հոգատարությունը եղել է նրա ազգանվեր գործունեության հիմքը։ Նա մեր ժողովրդի զարգացման, ինքնագիտակցության բարձրացման և բարեկեցության գրավականն էր համարում կրթությունը։ Եզեյանցն իր պաշտոնական աշխատանքին զուգահեռ անմնացորդ նվիրված է եղել իր ժողովրդին, և դա արտահայտվում էր ոչ թե վերամբարձ խոսքերով և բաժակաճառերով, այլ նպատակաուղղված և բոլորանվեր գործերով։ Այս հատկանիշներն էին, որ վստահություն են ներշնչել բազմաթիվ մեծահարուստ հայերի, ովքեր, փող վաստակելուց զատ, մտահոգված են եղել նաև ազգի ներկայով և ապագայով։ Հայտնի իրողություն է. գործարար մարդիկ, որ իրենց առևտրական շրջահայացությամբ կարողանում են հարստանալ, հաճախ հեռու են լինում արվեստից ու արվեստագետի հոգսերից, գիտությունից ու գիտնականի մտահոգությունների, անգամ հարազատ ժողովրդի քաղաքական խնդիրները նրանց խորթ ու անըմբռնելի են լինում, ցավոք։ Այսպիսի մեծահարուստների կողքին, երբ Կարապետ Եզեյանցի նման մարդիկ են լինում, բացվում է նրանց հոգու աչքը, և նրանք խղճի մտոք են գործում` իրենց հարստությունից բաժին հանելով ոչ միայն չքավորին ու կարոտյալին, այլև նրանց նվիրաբերած դրամի շնորհիվ ստեղծվում է ազգային-մշակութային դաշտ, որի պարարտ հողը դառնում է սերունդների համար կենսամիջավայր։
Ժամանակի մեծահարուստ հայեր Հովսեփ Իզմիրյանցը, Մարիամ Կաջազյանցը, Առաքել Ծատուրյանը, Մարգար Պապովյանը, Ավետիք Ղուկասյանը և Մկրտիչ Սանասարյանը դառնում են Կարապետ Եզեյանցի` հոգի թափանցող ազգանվեր գաղափարների կրողն ու իրականացնողը։ Եզեյանցի ոգեշնչող թելադրանքով է Թիֆլիսում բացվում Հովնանյան օրիորդաց վարժարանը, որն իրավամբ դարձավ կովկասահայության կրթության և առաջադիմության անկյունաքարը։ Մշակութային և կրթական գրեթե նույն սանդղակի վրա էր նաև Եզեյանցի ջանքերով բացված Նախիջևանի Գոգոյան դպրոցը։ Մի բան է, երբ մարդն այս կամ այն գործի համար գաղափար է տալիս, մի այլ բան է, երբ նա իրականություն է դարձնում այդ գաղափարը` ներգրավելով նաև այն մարդկանց, ովքեր տեսական գաղափարներ «ծնելու» կարողություն չեն ունեցել, բայց նրանց հատուկ է գործ անելը` իրական և շոշափելի։ Բայց եթե չկան միտք ու գաղափար և այդ գաղափարն իրականացնողին և դրամական միջոցներ ունեցողին հասցնող նվիրյալը, գործ կատարողը չի իմանա` ինչ անի, իսկ փող ունեցողը չի իմանա, թե իր փողն ինչպիսի կարևոր և ազգօգուտ նպատակի համար ծախսի։ Ահա Կարապետ Եզեյանցն այդ մարդկանցից էր, որ և՛ գաղափարի տերն էր, և՛ այն կատարողին հասցնողն էր։ Նա եղել է մեծ բարերարներ Հովսեփ Իզմիրյանի, Մարիամ Կաջազյանցի և Մկրտիչ Սանասարյանի կտակակատարը, այսինքն` նրանց կողմից վարժարաններին կտակով տրամադրված փողի պատասխանատուն և նպատակային ու արդյունավետ տնտեսավարողը։ Եզեյանցն ինքն էլ հաճախ էր իր նյութական համեստ միջոցները նվիրաբերում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հայ ուսանողների ուսման և ազգային ոգով ու ավանդույթների շնչով կրթելու գործին. նա հայի նախանձախնդիր արժանապատվությամբ ապահովում էր ամեն մի հայ ուսանողի համալսարանական և կենցաղային պայմանները, որպեսզի նրանք ապրեին ապահով, չնսեմացած և արժանապատիվ կյանքով, քանի որ բարեկեցիկ պայմաններում կրթված հայ երիտասարդն ազգի ապագան է և ազգի միջոցներով ստացած կրթությունն ի սպաս կդներ իր ժողովրդին։
Եզեյանցն իր տունը դարձրել էր հայ ուսանողներին բարոյական և ազգային գաղափարներով կրթելու մի ինքնատիպ դպրանոց, որտեղ այդ երիտասարդները, որ մայրաքաղաք էին գնացել սովորելու Կովկասի տարբեր քաղաքներից և գավառներից, նաև հղկվում և մտավորականի կեցվածք էին ստանում։
Կարապետ Եզեյանցի` այդ կատարյալ մտավորականի և նվիրյալ հայի միտքն ու ձեռքը մայրաքաղաքից հասնում էին ռուսական կայսրության գրեթե բոլոր հայաշատ շրջանները, իսկ Անդրկովկասի և Արևելյան Հայաստանի ու Պոլսի մշակութային ու կրթական կյանքի զարկերակը տրոփում էր Եզեյանցի սրտի զարկերին համահունչ։
Առանձնապես մեծ ու նշանակալից է եղել Կարապետ Եզեյանցի ներդրումը Կարինի երկրորդական վարժարանի հիմնադրման գործում։ Եթե Մկրտիչ Սանասարյանն իր պատկառելի հարստությամբ վարժարանի նյութական ամուր հիմքը եղավ, ապա Կարապետ Եզեյանցը եղավ այդ հարստությանը ոգի և ազգային ուղղվածություն ու ազգանպաստ գործին մշակութային արժեք տվողը և ուսումնատենչ հայ մարդու մեջ կրթության հանդեպ սերն ու վստահությունը վերականգնողը։ Տասնամյակներ շարունակ Կարինի երկրորդական վարժարանը, որ բարերարի պատվին անվանակոչել էին Սանասարյան, եղել է Կարապետ Եզեյանցի` կտակակատարի հոգածության կիզակետում. դա վարժարանի նյութական անխափան մատակարարումն էր, վարչական գործերն էին, և որ ոչ պակաս կարևոր էր` մանկավարժների, սաների և նրանց ծնողների ազգային ոգին անաղարտ պահելու ձգտումը։ Սանկտ Պետերբուրգի կայսերական կրթության նախարարությունում աշխատելու տարիներին ձեռք բերած փորձն ու գիտելիքներն օգնում են Եզեյանցին հայկական վարժարաններում մանկավարժների և կրթական ծրագրերի ընտրության հարցում, իսկ Կարինի Սանասարյան վարժարանը դառնում է նրա հայապահպան գործունեության գլուխգործոցը. վարժարանի հիմնադրման առաջին իսկ օրերից հաջողությունն ու վերելքն ուղեկցել են այդ հաստատությանը, որի երախտավորներից թերևս մեծագույն ներդրողը եղել է Կարապետ Եզեյանցը։ 1886 թ. սեպտեմբերին Եզեյանցը գալիս է Կարին` անձամբ ծանոթանալու ուսուցչական կազմի աշխատանքներին, կրթական ծրագրերին և սաների առաջադիմությանը։ Նա մանրակրկիտ ուսումնասիրում է վարժարանի ներքին կյանքն ու օժանդակ կալվածների գործունեությունը, որոնք ապահովում էին գիշերօթիկ սաների սնունդն ու կենցաղային հարմարությունները։ Կարինի ողջ հասարակությունը մեծ պատիվներով է դիմավորում Կարապետ Եզեյանցին, իսկ դպրոցի ուսուցիչները և աշակերտները երախտագիտական սրտառուչ վերաբերմունքով արտահայտում են իրենց երախտագիտությունն ու գոհունակությունը։ Քաղաքի ազգային իշխանությունները և հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը հարգանքի տուրք են մատուցում վարժարանի կտակակատար և հոգաբարձու Կարապետ Եզեյանցին։ Այս անկեղծ ու երախտագիտական վերաբերմունքն արժանի փոխհատուցում էր տասնյակ տարիներով վարժարանի արդյունավետ գործունեության, սաների բարձր կրթության և դաստիարակության համար։ Եզեյանցի հետ Կարին էին ժամանել նաև նրա քույրն իր դստեր հետ, որոնք հանձն են առնում հոգալու Կարին քաղաքի Կարմիր վանքի ժառանգավորաց վարժարանի հինգ տարվա ամբողջ ծախսը։
Ահա այսպես ազգային-կրթական և բարեգործական երախտիքը եղել է Կարապետ Եզեյանցի կյանքի իմաստն ու բովանդակությունը։ Բարեբախտաբար, նրա ժամանակակիցները գնահատել են նրա նվիրումը և կենդանության օրոք արժանացրել են մեծարանքի։ Դա, թերևս, ճանապարհ էր բացում ազգանվեր գործունեությամբ զբաղվող մարդկանց առաջ։
Կարապետ Եզեյանցը մինչև կյանքի վերջը մնում է Սանասարյան վարժարանի միակ անդավաճան գործադիրը։
1905 թ. Եզեյանցի մահը խոր վիշտ ու ցավ է պատճառում վարժարանի մանկավարժներին, աշակերտներին և սաներին։ Ցավ ու ափսոսանք է ապրում նաև Կարինի հայ հասարակությունը։ Վարժարանում կատարվում է հոգեհանգստյան արարողություն. մահաբեմի վրա տեղի է ունենում եկեղեցական հուզիչ հոգեհանգիստ-արարողություն, ազգային 12 կազմակերպություններ ծաղկեպսակներ են դնում` երախտագիտության ջերմ խոսքերով։ Վարժարանը` որպես Եզեյանցի տուն և ընտանիք, ցավակցություններ է ընդունում ազգային կազմակերպություններից և օտար հաստատություններից։ Հոգեհանգստի արարողություններ են տեղի ունենում նաև Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Փարիզում, Թիֆլիսում, Սեբաստիայում, Գասթաոնում (քաղաք Պոնտոսում` Գալաթիայի մերձակայքում) և Կ. Պոլսում։
Սակայն Սանասարյան վարժարանի հոգեհանգստյան արարողությունը սոսկ սգո դրսևորում չի լինում, այն էլ` հավուր պատշաճի, այսինքն` միայն մահվան օրվա կապակցությամբ։ Ամեն տարի մայիսի 18-ին վարժարանի սրահում դրվում էին երկու մեծ բարերարների` Մկրտիչ Սանասարյանի և Կարապետ Եզեյանցի մեծադիր լուսանկարները` շրջանակված ծաղիկներով։ Հիշատակի մեծարման արարողությանը մասնակցում էին վարժարանի ողջ կազմը, Ազգային մարմինների և Կարնո ընտրանու ներկայացուցիչները։ Հոգևոր առաջնորդի նախագահությամբ սրահում սկսվում էր սգահանդեսը, նվագախումբը նվագում էր թախծոտ երաժշտություն։ Հանդեսի վերջում խոսում էր վարժարանի համալսարանական առաջին լավագույն սաներից մեկը` Գևորգ Աբուլյանը, որ այդ ժամանակ կրթօջախի տնօրենն էր։ Բարերարների կյանքից և հայանպաստ գործերից նա դրվագներ էր պատմում, ինքն էլ դառնում էր ազգանվեր մարդկանց գնահատելու և մեծարելու դաս, և հայրենասիրության ոգին ու խոր զգացումն ասես շիթ առ շիթ իջնում էր մարդկանց սրտերին։
-Օրհնյալ ըլլաք այսօր և միշտ,
Մաղթենք մենք ձեզ հոգվո հանգիստ։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 5210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ